ՀԱՅ   РУС   ENG
Տեսական մեխանիկա
Կ.Աբգարյանի կողմից մշակված ասիմպտոտիկ մեթոդի հիման վրա դիտարկվել են ավտոմատ կառավարման համակարգերի ստացիոնար և ոչ ստացիոնար կառավարման խնդիրների որոշ դասեր: Ստեղծվել է բազմատարր ձողային կառուցվածքների ավտոմատ կառավարման համակարգ: Դիտարկվել են կոմպոզիտային նյութերից պատրաստված ձողային համակարգերի նախագծման օպտիմալացման խնդիրները կոշտության, ուժի և թրթռման սահմանափակումներով: (Կ. Աբգարյան և ուրիշներ);

Գտնվել են էլեկտրաշարժաբերներով մանիպուլյացիոն ռոբոտների օպտիմալ ըստ արագագործության և էներգիայի նվազագույն ջերմային կորուստներով ղեկավարման ռեժիմներ: Մշակվել են օպտիմալ երաշխավորված փնտրման մեթոդներ անշարժ և շարժական օբյեկտների հայտնաբերման և հայտնաբերումից հետո նպատակային օբյեկտին ուղորդելու խնդիրներում: Կառուցվել են ղեկավարման ալգորիթմներ, այդ թվում օպտիմալ, դինամիկական օբյեկտների բախումից խուսափման խնդիրներում: (Ավետիսյան Վ.Վ.)

Բազմօղակ առաձգական մանիպուլյատորի համար մշակվել են կինեմատիկական և դինամիկական ղեկավարման օպտիմալ ռեժիմներ: Հետազոտվել է առաձգական սալերի տեսքով ճկուն արևային վահանակներով թռչող ապարատի շարժումը: Կառուցվել է ղեկավարվող տեխնոլոգիական պրոցեսի մաթեմատիկական մոդելը, որում մանիպույատորը օպտիմալության տարբեր կրիտերիաներով սպասարկում է օբյեկտների աշխատանքը: Մշակվել են երաշխավորող ղեկավարման ալգորիթմներ անորոշության պայմաններում գործող ադապտիվ մանիպուլյտորի համար: (Ղուկասյան Ա.Ա.)

Ստացված են փոփոխական կառուցվածքով դինամիկ համակարգերի լրիվ ղեկավարելիության և դիտելիության հայտանիշները: Բացահայտված են ղեկավարելիության և դիտելիության որակական հատկությունները: Մշակվել են դինամիկ համակարգերի ֆազային վեկտորի կոորդինատների տարբեր մասերի վրա դրված սահմանափակումներով ղեկավարման և օպտիմալ ղեկավարման խնդիրների լուծման կոնստրուկտիվ եղանակներ: Լուծված են կենտրոնացված և բաշխված պարամետրերով համակարգերի ղեկավարման և օպտիմալ ղեկավարման խնդիրներ: (Բարսեղյան Վ.Ռ.)